Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Օրինաչափություն և անակնկալ

Օրինաչափություն  և անակնկալ
09.09.2016 | 10:03

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային հանդիպումների մեկնարկը տրված է: Ինը խմբերում էլ կայացել են առաջին խաղերը: Բնականաբար, բոլոր հանդիպումներին չենք անդրադառնա, քանի որ գոնե ներկա փուլում դրա ծայր անհրաժեշտությունը չկա, բայց ասենք, որ անակնկալների պակաս չեղավ:

E խմբում գտնվող Հայաստանի ընտրանու մրցելույթին չանդրադառնանք, քանի որ դանիացիներից կրած պարտության մասին արդեն իսկ խոսել ենք ու սադիզմի դրսևորում կլինի բաց վերքի վրա աղ ցանելը: Իհարկե, այստեղ (հավասարապես նաև մյուս խմբայիններում) դեռ երկար ճանապարհ կա անցնելու, ու չես էլ կարող ասել, թե ինչն ինչպիսի ավարտ կունենա (բացառյալ մեր պարագայի), բայց բոլոր դեպքերում ասենք, որ հիմնական ֆավորիտները երեքն են՝ Դանիան, Լեհաստանը, որին այնպես սիրուն դաս տվեց Ղազախստանի ընտրանին՝ կամային ոչ-ոքիի հասնելով (2:2), Ռումինիան:
A խմբում բուլղարացիները խելահեղ հանդիպում ունեցան լյուքսեմբուրգցիների հետ: Խաղավարտին թեպետ նրանք մրցակցին հաշիվը հավասարեցնելու հնարավորություն տվեցին (3:3), սակայն հավելյալում կարողացան հաղթական գոլը խփել ու իրենց հասանելիք երեք միավորը վաստակել:


Ընկերականում իտալացիներին 3:1 հաշվով հաղթած ֆրանսիացիներին թվում էր, թե բելառուսական վոյաժը ժամանցային բնույթ կունենա, սակայն տանտերերը կատաղի դիմադրություն ցույց տվեցին ու կարողացան Եվրոպայի վերջին առաջնության եզրափակչի մասնակցից բոլորովին անսպասելիորեն միավոր պոկել: Հիշատակենք նաև արդեն առանց Իբրահիմովիչի հանդես եկող շվեդների ոչ-ոքին (1:1) նիդերլանդցիների հետ:
Միանգամայն անակնկալ արդյունք գրանցվեց B խմբի Շվեյցարիա-Պորտուգալիա դիմակայությունում: Եվրոպայի գործող չեմպիոնները ոչ միայն այդպես էլ չկարողացան կոտրել տանտերերի դիմադրությունը, այլև ստիպված եղան գնդակը երկու անգամ հանել սեփական դարպասից: Եղածն ուշագրավ է նաև այն առումով, որ պորտուգալացիների մոտ իսպառ չկային ֆրանսիացիների էյֆորիկ տրամադրությունները: Անակնկալների շարքին կարելի է դասել հունգարների ոչ-ոքին ֆարերցիների հետ՝ 0:0:
C խմբում գերմանացիները, ինչպես ընդունված է ասել, միանգամից բռնեցին ցլի կոտոշներից (3:0), թեպետ նորվեգացիներին եվրոպական ֆուտբոլային ցլազգիների դասին կարգելը չափազանց մեծ պայմանականությունների շարքից կլինի: Անդրադառնալով Թոմաս Մյուլլերի հեղինակած գոլին՝ Յոախիմ Լյովը դառնորեն նկատել է, որ նա ճիշտ կաներ այդ գոլը Եվրոպայի առաջնությունում խփեր: Ինչպես տեսնում ենք, առաջնություններն ավարտվում են, սակայն նստվածքները մնում են:


Ֆուտբոլասերը, բնականաբար, միանգամայն այլ ակնկալիք ուներ Չեխիա-Հյուսիսային Իռլանդիա դիմակայությունից, սակայն, ինչպես երևում է, նրանց ուժը միայն մեզ վրա է պատում, թեպետ ներուժով հյուսիսիռլանդացիներին պատրաստվածության այս փուլում գտնվող մերոնց կողքին ոչ մի կերպ չես դնի: Վկան՝ եվրոպական վերջին առաջնությունում նրանց ցույց տված խաղը: Ինչևէ, հանդիպումում արձանագրվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Եվրոպայի առաջնությունում բոլորին հաճելիորեն զարմացրած ՈՒելսի ընտրանին (D խումբ) իր բարձրության վրա եղավ և Մոլդովայի հետ մրցակցությունում՝ 4:0, իսկ ահա Իռլանդիայի հավաքականը Սերբիայի ընտրանու հետ դրամատիկ խաղում բավարարվեց ոչ-ոքիով (2:2):
Մեծ Սեմի տնօրինության տակ անցած Անգլիայի ընտրանին (F խումբ) սլովակների հետ պայքարում թեպետ միայն վերջին վայրկյաններին պոկեց հաղթական երեք միավորը, բայց դե պոկեց: Նույնքան միավոր ունի և կղզին ներկայացնող մյուս երկիրը՝ Շոտլանդիան, որն արտագնայում 5:1 հաշվով միանգամայն օրինաչափորեն հաղթել է Մալթայի ընտրանուն:
Եվրոպայի առաջնությունը ձախողած Իսպանիայի ընտրանին իր նոր մարզիչ Խուլեն Լոպեդեգայով քարը քարի վրա չթողեց ֆուտբոլային գաճաճ Լիխտենշտայնից: Համենայն դեպս, 8:0-ն չափից դուրս անպարկեշտ հաշիվ է այս կարգի ֆուտբոլային հանդիպման համար:


Հաղթական հանդիպումներ ունեցան G խումբը ներկայացնող նաև մյուս երկու առաջատար ընտրանիները: Իտալացիները, ովքեր նույնպես ունեն նոր մարզիչ («Չելսի» տեղափոխված Անտոնիո Կոնտեին եկել է փոխարինելու Ջանպիերո Վենտուրան), չնայած մեկ խաղակեսից ավելի տասը հոգով հանդես գալուն, 3:1 հաշվով հաղթել են իսրայելցիներին, ալբանացիները՝ մակեդոնացիներին (2:1): Հիշեցնենք, որ հորդառատ անձրևի պատճառով ընդհատված այս խաղը վերախաղարկվել է:
H խմբում առաջին երեք հորիզոնականներում են Հունաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի ու Բելգիայի ընտրանիները: Հույները գերազանցել են ջիբրալթարցիներին (4:1), բոսնիա-հերցեգովինացիները՝ էստոնացիներին (5:0), բելգիացիները՝ կիպրոսցիներին: Նկատենք, որ երեքն էլ հաղթանակ են տարել խոշոր հաշվով:


Ի տարբերություն H խմբի ներկայացուցիչների, I խմբի բոլոր հանդիպումներում գրանցվել է ոչ-ոքի արդյունք ու բոլորում էլ 1:1 հաշիվը: Ոչ վաղ անցյալի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Անդրեյ Շևչենկոյի ղեկավարությամբ հանդես եկող ՈՒկրաինայի ընտրանին խաղացել է իսլանդացիների, Ֆինլանդիան՝ Կոսովոյի, Խորվաթիան՝ Թուրքիայի հետ: Ի դեպ, վերջինիս կազմում բացակայել են Եվրոպայի առաջնությանը մասնակցած յոթ ֆուտբոլիստներ, ովքեր խոստացված պարգևավճարները չստանալու պատճառով հրաժարվել են դուրս գալ խաղադաշտ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ